Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 14 » Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հարցազրույցը Российская газета պարբերականին:
00:10
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հարցազրույցը Российская газета պարբերականին:

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հարցազրույցը Российская газета պարբերականին:

- Յուրա՛, ինչպե՞ս ես հայտնվել Մոսկվայում և դեռ արձակուրդի չես մեկնել:

- Ես այստեղ եմ, քանի որ իմ ընտանիքը, հարազատներիս հետ միասին այստեղ էի եկել: Բացի այդ, ես Մոսկվայում պետք է «Սպարտակ» տեղափոխության հետ կապված մի քանի թղթեր ստորագրեի և ծանոթանայի թիմակիցներիս հետ:

- Իսկ որտե՞ղ ես պատրաստվում անցկացնել ձմեռային արձակուրդդ:

- Հինգշաբթի օրը պատրաստվում եմ մեկնել Լոս-Անջելես: Հունվարի կեսերին կվերադառնամ Ռուսաստան, որպեսզի թիմի հետ միասին ուսումնամարզական հավաքի մեկնենք:

- Այս մրցաշրջանի ընթացքում շա՞տ ես հոգնել, թե՞ դեռ պատրաստ ես խաղալ:

- Հոգնածություն զգացվում է, քանի որ այս տարի «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կազմում շատ հանդիպումներ եմ անցկացրել: Հիմա հանգստանալու ամենալավ ժամանակն է, ցանկանում եմ ընտանիքիս հետ լինել և մի որոշ ժամանակ մոռանալ ֆուտբոլի մասին:

- Առաջնության վերջին հանդիպումներին վնասվածքի պատճառով չես մասնակցել: Դա արդեն քեզ չի՞ անհանգստացնում:

- Առաջընթաց կա, բայց ես մինչև վերջ այդ հարցը չեմ լուծել, առաջնության գարնանային մեկնարկից առաջ ես հարյուր տոկոսով պատրաստ կլինեմ, դրանում կարող եք չկասկածել:

- Սեպտեմբերին Ձեր գործակալները «Կրասնոդարի» հետ պայմանագիրդ երկարացնելու հետ կապված բանակցություններ էին վարում, պատճառը ո՞րն էր, որ կողմերը չկարողացան ընդհանուր համաձայնության գալ:

- Կրասնոդարցիները չէին կարող ինձ տալ այն գումարը, որը ես ցանկանում էի վաստակել: Միևնույն ժամանակ մշտապես ցանկացել եմ թոփ-ակումբում խաղալ, ես երազում էի այդպիսի հնարավորության մասին: Արդյունքում մենք «Կրասնոդարի» հետ եկանք այն համոզման, որ մեզ համար ավելի լավ կլինի, որ ես տեղափոխվեմ «Սպարտակ»:

- «Սպարտակը» առաջին անգամ ե՞րբ է Ձեր ծառայություններով հետաքրքրվել:

- Դա մի քանի ամիս առաջ էր: Խոստովանեմ, որ այդպիսի ակումբի կողմից հետաքրքրությանը չես կարող անտարբեր լինել: Ես որոշեցի բաց չթողնել այդ հնարավորությունը և հուսով եմ` չեմ զղջա իմ ընտրության համար:

- Իսկ մինչ «Սպարտակ» տեղափոխությունը, ու՞մ հետ ես խորհրդակցել:

- Հորս հետ եմ խորհրդակցել: Նա ինձ վստահեցրեց, որ ես պետք է այդ թիմ տեղափոխվեմ, քանի որ դա մեծագույն ակումբ է, որտեղ կարող եմ առաջադիմել: Ես 25 տարեկան եմ և ֆուտբոլային առումով ամենալավ շրջանն է, որպեսզի լավագույն տարիներս այդպիսի ուժեղ թիմում անցկացնեմ:

- Իսկ Ձեզ չի անհանգստացնո՞ւմ այն հանգամանքը, որ վերջերս փոխվել է «Սպարտակի» գլխավոր մարզիչը:

- Ընդհանրապես: Ինձ համար նույնիսկ լավ է, որ գլխավոր մարզիչը Վալերի Կարպինն է, ով շատ էր ցանկանում ինձ թիմում տեսնել և դրա համար ամեն ինչ արեց:

- Այսինքն «Սպարտակ» տեղափոխության նախաձեռնողը հենց Կարպի՞նն էր:

- Այո, բայց ցանկանում եմ նշել, որ թիմի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը նույնպես հետաքրքրված էր, որ ես հանդես գամ «Սպարտակում», իր դերը խաղաց նաև թիմի բաժնետերերից մեկը՝ Ջիվան Չոլոյանցը: Ես այդ մարդկանց շնորհակալ եմ, որ այժմ «Սպարտակում» եմ:

- Բանակցությունները արա՞գ ընթացան:

- Բանակցությունները երկար ընթացան, չեմ կարող ասել, որ ամեն ինչ հեշտ էր, երբեմն դժվարություններ էին ծագում: Բարեբախտաբար, ամեն ինչ լուծվեց, որի համար ես շատ ուրախ եմ:

- Իսկ «Կրասնոդարում» մնալու ոչ մի տարբերակ չկա՞ր:

- Սկզբում երևի թե կար, բայց թոփ-ակումբում խաղալու իմ ցանկությունը շատ մեծ էր, և ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել թիմի նախագահ Սերգեյ Գալիցկուն, ով հասկացավ ինձ ու այդ տեղափոխությունը կայացավ: Այդ անձնավորության, ինչպես «Կրասնոդարի», մասին միայն ամենաջերմ բաները կարող եմ ասել: Կյանք է, երբեմն բաժանվում ես, բայց ես միշտ երախտապարտ կլինեմ Գալիցկուն, նա իրոք սիրում է իր թիմն ու ֆուտբոլիստներին:

- Ձեր գործակալը խոստովանել է, որ Դուք այլ թիմերից ևս առաջարկներ ունեիք, մասնավորապես «Սթոք Սիթիից» և «Էվերտոնից»: Ինչու՞ որոշեցիք չմեկնել Անգլիա:

- Չէի ցանկանա այժմ դրա մասին խոսել, թե ես որ թիմի հետ եմ բանակցել ու որտեղ կարող էի հայտնվել: Ամենակարևորն այն է, որ ես այժմ «Սպարտակի» ֆուտբոլիստ եմ: Դա իրոք մեծ ակումբ է, ըստ իս, ունի աշխարհի լավագույն երկրպագուները: Այդ թիմը պատմություն ունի, փառավոր ավանդույթներ, բայց վերջերս թիմը ոչինչ չի նվաճում: Ես հենց դրա համար եմ այստեղ, որպեսզի իմ գոլերով ու խաղով թիմին հաղթանակներ ու տիտղոսներ պարգևեմ:

- Բայց վերջերս միտում է նկատվում, որ «Սպարտակ» տեղափոխված ֆուտբոլիստները սկսում են իրենց հնարավորություններից ցածր հանդես գալ: Դա Ձեզ չի վախեցնու՞մ:

- Դա լրիվ անհատական է: Որոշ ֆուտբոլիստների հարմարվելու համար շատ ժամանակ է պետք, իսկ ոմանց՝ ավելի քիչ: Ես վստահ եմ ու գիտեմ, որ կարող եմ արագորեն հարմարվել այն պայմաններին, որոնց մեջ իմ ներկայիս ակումբը գտնվում է: Ես միշտ իմ թիմակիցների հետ խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս հեշտ եմ կապ հաստատել: Իհարկե, դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի վերջնականապես իրենցից մեկը համարվես, բայց վստահ եղեք, որ դրա համար շատ կարճ ժամանակ պետք կգա:

- Իսկ Ձեր առջև նպատակ դնու՞մ եք, թե մրցաշրջանում նվազագույնը ինչքան գոլ պետք է խփեք:

- Ոչ, ես իմ գլուխը զանազան թվերով չեմ ծանրաբեռնում: Որքան շատ խփեմ, այնքան լավ:

- «Սպարտակի» երկրպագուները հաճախ դժգոհում են, որ թիմի լեգիոներները չգիտեն թիմի պատմությունը և ավանդույթները չեն հարգում: Դուք Ձեր նոր թիմի պատմությունը գիտե՞ք, կարո՞ղ եք դրա վերաբերյալ ինչ-որ բան ասել:

- Իհարկե, «Սպարտակը» մեծագույն ակումբ է, որը Ռուսաստանի առաջնություններում ամենաշատն է հաղթող ճանաչվել, բայց վերջին տարիներին չի կարողանում մեծ նվաճումներ արձանագրել: Գիտեմ նաև, որ այդ թիմի լեգենդը իմ հայրենակից Նիկիտա Սիմոնյանն է, անձնավորություն, ումով ես հիանում եմ: Երբ ես ապրում էի Լոս-Անջելեսում, ես դիտում էի «Սպարտակի» հանդիպումները: Դա աշխարհում հայտնի բրենդ է:

- Ամեն դեպքում, այդ թիմը Ռուսաստանում այժմ առաջատար դիրքերում չէ, համաձա՞յն եք:

- Ոչ: Կարծում եմ, որ «Սպարտակը» Ռուսաստանի ուժեղագույն ակումբ է: Մեզ ուղղակի մի փոքր հաջողություն ու կենտրոնացվածություն է պետք: Երբ ես նոր էի տեղափոխվել «Կրասնոդար», միանգամից Գալիցկուն ասացի, որ եթե ես ինչ-որ տեղ գնամ, ապա միայն Ռուսաստանի ամենաուժեղ ակումբը կընտրեմ: Ամենաշատը ինձ դուր են եկել «կարմրասպիտակների» երկրպագուները, ովքեր միշտ աջակցում են իրենց թիմին: Ինձ համար երկրպագուների ուշադրությունը շատ կարևոր է, ես ամեն ինչ կանեմ, որ նրանց չհիասթափեցնեմ:

- Եթե նրանք հանկարծ խնդրեն, որ Հայաստանի հավաքականում քո թիմակից Հենրիխ Մխիթարյանին նույնպես համոզես, որ նա միանա Ձեզ, կանե՞ս դա:

- (ծիծաղում է) Իսկ ինչու՞ չէ: Իհարկե, ես նրան խորհուրդ կտամ մտածել մինչ մեր թիմ տեղափոխվելը, բայց Հենրիխը արդեն իսկ մեծ ակումբում է խաղում՝ «Շախտյորում»: Բացի այդ, որքանով տեղյակ եմ, նա եվրոպական թոփ-ակումբերից առաջարկներ ունի: Ամեն դեպքում դա նրա ընտրությունը կլինի:

- Իսկ ի՞նչ գիտեք Մոսկվայի մասին:

- Մեծ, ժամանակակից քաղաք է: Ես ինձ Ռուսաստանի մայրաքաղաքում հարմարավետ կզգամ, քանի որ մեծացել եմ այլ մեծ քաղաքում՝ Լոս-Անջելեսում: Ես չեմ վախենում խցանումներից: Անհրաժեշտության դեպքում կարող եմ մետրո նստել:

- Որոշ ֆուտբոլիստներ խուսափում են դրանից:

- Դա հաստատ իմ մասին չէ, կարող նաև ավտոբուսով ինչ-որ տեղ մեկնել, եթե տեսնեմ, որ երկար ժամանակ խցանման մեջ եմ լինելու:

- Ձեր ավտոմեքենան Կրասնոդարից բերելու՞ եք, թե՞ նորն եք գնելու:

- Դեռ չգիտեմ, բայց երևի թե Մոսկվայում նորը գնեմ:

- Կարո՞ղ եք ասել, որ մեքենաները Ձեր հոբբին են:

- Ոչ: Դա ուղղակի թեթև զբաղմունք է, ընդհանրապես սիրում եմ հաճախակի փոխել մեքենաներս: Խոստովանում եմ, որ այդ առումով ինձ մոտ կայունություն չկա: (ծիծաղում է)

- Շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, մոսկովյան ակումբներ տեղափոխվելով, իրենց տաղանդը վատնել են բուռն գիշերային կյանքում և այլ զվարճությունների վրա: Ձեզ այդպիսի բան չի՞ սպառնում:

- Ոչ: Ինձ նման բաները ընդհանրապես չեն հետաքրքրում: Ես պրոֆեսիոնալ եմ և չեմ կարող երեկոյան նմանօրինակ վայրեր այցելել ու մինչև առավոտյան զվարճանալ: Երբեք ինձ նման բան թույլ չեմ տա, քանի որ ինձ համար ամենակարևոր բանը իմ ֆուտբոլային կարիերան է: Ես ավելի լավ է իմ ազատ ժամանակն անցկացնեմ կնոջս ու երեխաներիս հետ, մանավանդ շատ է պատահում, որ ուսումնամարզական հավաքների, խաղերի պատճառով շատ քիչ ժամանակ եմ ունենում նրանց հետ լինելու:

- Ֆուտբոլիստներից շատերը օգտվում են սոցիալական ցանցից՝ թվիթեր, ֆեյսբուք և այլն: Ձեզ այդպիսի բաները գրավու՞մ են:

- Ես թվիթեր չունեմ, չեմ էլ պատրաստվում ունենալ: Չեմ կարող ասել, որ սոցիալական ցանցերի երկրպագու եմ, ես միայն ֆեյսբուքում պաշտոնական էջ ունեմ, որը վարում է իմ մենեջերը, ում լիովին վստահում եմ:

- Մի քանի խոսք Հայաստանի հավաքականի մասին: Դուք կարո՞ղ եք եզրափակիչ փուլի համար պայքար մղել:

- Դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ ընդամենը երեք հանդիպում ենք անցկացրել: Մեր խմբում շատ ուժեղ թիմեր են հավաքված՝ Իտալիան, Դանիան, Չեխիան: Մեր թիմը շատ երիտասարդ է, կարծում եմ, որ Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակիչ ուղեգիր նվաճելու համար մեզ միայն հրաշքը կօգնի, բայց արդեն 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրական հնարավորություններ ունենք:

- Իսկ ինչի՞ հաշվին Հայաստանի հավաքականը նման առաջընթաց ապրեց:

- Ամեն դեպքում ոչ մի գաղտնիք չկա: Ուղղակի մենք հպարտ ենք, որ խաղադաշտ ենք դուրս գալիս բարձր պահելու Հայաստանի պատիվը և ներդնում ենք բոլոր ուժերը, որպեսզի մեր ժողովրդին երջանկացնենք:

- Ֆուտբոլիստներ կան, ովքեր բանակցում են իրենց երկրի ֆեդերացիայի հետ, որպեսզի հավաքականում հանդես գալու համար պարգևավճարներ ստանան: Հայաստանում նման բան կա՞:

- Մեզ մոտ ոչ ոք այդպիսի բանի մասին նույնիսկ չի մտածի: Մեր ֆեդերացիան ամեն ինչ անում է, մեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, նույնը վերաբերում է նաև բոնուսներին: Բայց ինչպես արդեն նշեցի, մենք փողի համար չենք խաղում, այլ խաղադաշտ ենք դուրս գալիս որ արժանիորեն պաշտպանենք մեր երկրի պատիվը:

- Իսկ ամեն դեպքում ինչու՞ ընտրեցիք Հայաստանի հավաքականը, քանի որ կարող էիք հանդես գալ ԱՄՆ հավաքականում:

- Չնայած ես մեծացել եմ Ամերիկայում և շատ եմ սիրում այդ երկիրը, բայց ես հայ եմ: Եվ հավատացեք, իմ առջև այդպիսի երկընտրանք չի եղել: Ես միշտ ցանկացել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում: Դա իմ երազանքն է եղել:

- Սիրած ֆիլմեր ունե՞ք:

- Շատ անուններ կարող եմ տալ, բայց ամեն դեպքում կառանձնացնեմ «Կնքահայրը» և «Սպիով դեմքը»: Սիրում եմ թե՛ կոմեդիաներ, թե թրիլլերներ:

- Իսկ ո՞ր դերասանին կառանձնացնեիք:

- Ալ Պաչինոյին: Հիանալի մարդ է, մեծ բավականությամբ դիտում եմ նրա մասնակցությամբ ֆիլմերը:

- Իսկ ամենից շատ ինչի՞ց եք վախենում կյանքում:

- Ես ոչնչից չեմ վախենում, ինքս իմ ուժերի վրա 100 տոկոսով վստահ եմ:

- Եթե ֆուտբոլիստ չդառնայիք, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

- Ես նույնիսկ դրա մասին չեմ մտածել, միշտ էլ զգացել եմ, որ ֆուտբոլիստ եմ լինելու, այդ իսկ պատճառով ոչ մի կասկած չի եղել:

- Բնավորության ո՞ր գիծն եք ամենաշատը գնահատում:

- Ամենից առաջ ազնվությունը, ինչպես նաև անվախությունն ու ձգտումը անել այն, ինչը ուզում ես, այլ ոչ թե այն ամենը, ինչը քեզ ստիպում են:

- Ե՞րբ և որտե՞ղ եք ամենաշատը երջանիկ եղել:

- Ամենաշատը ուրախանում եմ այն ժամանակ, երբ իմ ընտանիքը, երեխաներս ու հարազատներս իմ կողքին են: Ես հանուն նրանց եմ ապրում:

- Իսկ ո՞րն է Ձեր բաղձալի երազանքը:

- Երազում եմ Հայաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել, մասնակցել դրան ու այնպես անել, որ բոլորը ճանաչեն մեր երկիրը:

Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 300 | Ավելացրեց: Arm23 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]