Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացառիկ հարցազրույց է տվելNews.am Sport-ի թղթակցին.
- Հենրիխ, ավարտվում է 2012 թվականը: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար: - Եթե հաշվենք պրոֆեսիոնալ կարիերայիս վերջին 5-6 տարիները, ապա սա լավագույն տարին էր ինձ համար: Բայց կցանկանամ, որ սա լինի վատագույն տարիս: Կուզենամ, որ ավելի լավ տարիներ լինեն: Ցանկությունս է, որ իմ հաջողություններով ուրախացնեմ մեր հայ երկրպագուներին, քանի որ ես ինքս մեծ երջանկություն եմ ապրում` տեսնելով, թե որքան է ուրախանում մեր հայ ժողովուրդը մեր հաղթանակներից ու իմ գոլերից: - Այս տարի դու մի քիչ փոխվել ես: Դարձել ես ավելի փակ: Հարցազրույցներիդ ոճն էլ է փոխվել: Ավելի լակոնիկ ես դարձել: - Ես փակ եմ դարձել կամ տալիս եմ միանման պատասխաններ, երբ ինձ ուղղում են միանման հարցեր: Խոսքը քո մասին չէ, բայց լրագրողների մեծամասնությունը չի կարողանում հետաքրքիր հարցազրույց անցկացնել, կազմել հետաքրքիր հարցեր: Դրա համար էլ ստացվում են ստանդարտ հարցազրույցներ: - Օրինակ` հիշում եմ, որ դու խուսափեցիր նույնիսկ այն հարցից, թե ով է արժանի դառնալ Եվրոպայի առաջնության հաղթող: - Եվրոպայի առաջնությանը ես համակրում էի երեք թիմերի` Իսպանիա, Իտալիա և Հոլանդիա: Բայց եզրափակիչում ցանկանում էի, որ հաղթեր Իտալիան, քանի որ ցանկանում էի, որ նորություն գար ֆուտբոլ, հաղթի այն թիմը, որը վաղուց չի հաղթել այդ մրցաշարում: - Շուտով կդառնաս 24 տարեկան: Ի՞նչ է փոխվել քո աշխարհայացքում այս տարվա ընթացքում: - Մեծանալով` կյանքը սկսում ենք յուրովի հասկանալ: Մեր մտածելակերպն էլ է փոխվում: Մարդիկ սկսում են մեր աշխարհը լրիվ այլ ձև ընկալել: Նույն գիրքը տարբեր ձև ես ընկալում 14, 18, 24 տարեկանում կարդալիս: Նույնն էլ կյանքը: Այն հեքիաթ է, և այս հեքիաթն ամեն տարի սկսում ես յուրովի ընկալել: - Քեզ համար կյանքը հեքիա՞թ է: - Կարելի է ասել, որ կյանքը հեքիաթ է, և մենք ապրում ենք այնպես, ինչպես այն մեզ թելադրում է, բայց մյուս կողմից կարելի է նաև ասել, որ կյանքը պայքար է և գոյատևում են այն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց հացի փողը վաստակել: Բացի այդ կյանքը համբերություն է: Օրինակ` խանութում աշխատող վաճառողը պետք է մտածի, որ մի օր կդառնա մենեջեր: Մյուս բնագավառներում էլ է այդպես: Ես ֆուտբոլիստ եմ, և ինձ հեշտ է: Սա իմ ուղին է, և այստեղ էլ կա միշտ առաջ գնալու ճանապարհ: Մեկ-մեկ մտածում եմ` եթե հանկարծ ես ֆուտբոլիստ չդառնայի` ի՞նչ պետք է անեի: - Դու գիտես, որ հայ երկրպագուները քեզ շատ են սիրում, բայց այս տարի մի քանի անախորժ խոսակցություններ հայտնվեցին, որոնք վերաբերում էին քո և երկրպագուների հարաբերություններին: Խոսվում էր, որ Լոնդոնում քեզ մոտեցել են հայ երկրպագուներ և նդրել լուսանկարվել, բայց դու մերժել ես: «Յուվենտուսի» հետ խաղին են քեզ դիմել երկրպագուները, խնդրել միջնորդել տոմսերի հետ կապված հարցերով: Բուլղարիայում նույնպես չես ցանկացել խոսել Սոֆիա ժամանած երկրպագուների հետ: - Այդպիսի բան չի եղել: Անգլիայում ինձ մոտեցել է միայն մեկ հայ երկրպագու, և ես նրան խնդրեցի սպասել: Դա խաղից հետո էր, մենք պետք է ընթրեինք ամբողջ թիմով: Դրանից հետո ես գնացել եմ և լուսանկարվել նրա հետ: Իսկ ուրիշ մարդիկ չեն մոտեցել և անհնար է, որ ինձ մոտենան և խնդրեն լուսանկարվել, իսկ ես մերժեմ նրանց: Բուլղարիայի խաղից հետո շատ խոսակցություններ էին հայտնվել, ես ինքս կարդացել եմ, թե իբր ես ասել եմ, որ «աստղ եք բռնել և ցանկանում եք նկարվել», բայց դա ևս բացառվում է: Ես ինքս ինձ երբեք աստղ չեմ անվանի և ինձ աստղ չեմ համարում: Չի եղել մի երկրպագու, որ մոտենա ինձ` ես նրան վիրավորեմ կամ անպատվեմ: Նույնիսկ, եթե իմանամ, որ իմ մասին վատ է խոսում: Եթե նա ինձ ճիշտ քննադատի, ես կընդունեմ նրա քննադատությունը, եթե զգամ, որ իմ հասցեին սխալ քննադատություն է հնչում, ես նրանց չեմ ների: «Յուվենտուսի» խաղից մի ամիս առաջ ինձ դիմել էին օգնել տոմսերի հարցում: Ես նրանց ասել եմ, որ զանգեն «Շախտյոր» ակումբ և ճշտեն: Ես չգիտեմ տոմսերի վաճառքի կարգը: Ես գիտեմ, որ ով ունի աբոնեմենտ` նրանց տոմսեր են հատկացնում: - Ի՞սկ որտեղից են ծնվել այդ լուրերը: - Ես չգիտեմ: Ամեն ինչ էլ հնարավոր է: Ցանկացած մարդ կարող է ինչ-որ բան մտածել և սադրանքի դիմել: Ինձ շատ մարդիկ են ճանաչում, և նրանք բոլորն էլ գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ, որ ինչ-որ մեկին արհամարհեմ կամ կոնֆլիկտի մեջ մտնեմ: Ես շատ բաց մարդ եմ: Ցանկացած մարդու ասածը կարող եմ լսել և ընդունել, եթե զգամ, որ դա ինձ օգուտ է, բայց եթե զգամ, որ նա ֆուտբոլից հեռու է` ուղղակի նրա ասածները չեմ ընդունի: - Մամուլն անընդհատ գրում է քո հնարավոր տրանսֆերի մասին: Քեզ վրա ճնշում չի՞ գործադրում քեզայդքան շատ տրվող հարցը, թե որն է լինելու քո հաջորդ թիմը: - Շատ հաճելի է լսել, որ քեզնով հետաքրքրվում են տարբեր թիմեր: Ես ինքս այդ լուրերին ծանոթանում եմ ինտերնետով: Ես անկեղծ ոչինչից տեղյակ չեմ: Երբ ժամանակը գա և երկու թիմերի միջև համաձայնություն լինի, այն ժամանակ միայն կարելի կլինի խոսել այդ մասին: - Իտալիայի հավաքականի հետ խաղից առաջ ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքն է զբաղվում քո գործերով: Իսկ դու դրանից հետո հարցազրույցում ասել էիր` «ո՞վ է Սելյուկը»: Ո՞րն է իրականությունը: - Ես այդպես էի ասել, քանի որ ինձ սխալ հարց էին տվել: Ինձ հարցրել էին` արդյոք նա իմ գործակալն է: Ես ասացի ոչ, ես գործակալ չունեմ: Դմիտրի Սելյուկը գործակալ չէ, նա ֆունկցիոներ է, ով կարողանում է պաշտպանել ֆուտբոլիստների շահերը: Ես աշխատում եմ նրա հետ, մենք լավ հարաբերությունների մեջ ենք: - Շատ հաճախ, երբ կարդում եմ օտարերկրացի ֆուտբոլիստների հարցազրույցներ, նրանք առանց կաշկանդվելու պատասխանում են տարբեր հարցերի` ընդդիմության կամ իշխանության հանրահավաքներին մասնակցելու վերաբերյալ, ում են ընտրելու քաղաքական ընտրություններում, ինչն իրենց դուր չի գալիս սեփական երկրում: Մեր ֆուտբոլիստներից շատերի հետ այդ բնույթի հարցազրույց անցկացնել գրեթե անհնար է: Ինչո՞ւ է այդպես: - Տվեք նման հարցեր, ես կպատասխանեմ: Եթե ինձ տան հարցեր, որոնց մասին ես իրազեկ եմ, ապա կպատասխանեմ: Վերը նշված հարցերի մասին կարող եմ ասել, որ ժամանակին գնացել եմ տարբեր հանրահավաքների զուտ հետաքրքրության համար` տեսնելու, թե ինչ է կատարվում: Նախագահական ընտրություններին ես այստեղ չեմ լինի և կարծում եմ` այդ մեկ ձայնը ոչինչ չի փոխի: - Քո մասին խոսելիս, միշտ առանձնացնում են քո մտավոր զարգացածությունը: Տիրապետում ես հինգլեզուների: Այսօրվա խիտ գրաֆիկով հասցնո՞ւմ ես նոր բաներ սովորել, կարդալ: - Ես ընդունվել եմ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ: Վերջերս գնացի այնտեղ, վերցրեցի անհրաժեշտ բոլոր գրքերը: Նոր լեզուներ սովորելու համար պետք է խոսես այն մարդկանց հետ, ովքեր խոսում են այդ լեզվով: Ինչքան էլ լեզուն սովորես, առանց հաղորդակցման դժվար է գիտելիքները պահել: - Մեր ազգային հավաքականի խաղացողներից շատերը, այդ թվում քեզնից կրտսերներն արդեն հասցրել են ամուսնանալ: Շատերը` հատկապես արտասահմանում, գտնում են, որ պետք է կարիերայում հասնել բարձրունքների, նոր հետո ամուսնանալ, որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Ի՞նչ ես կարծում, քեզ ամուսնությունը չի՞ խանգարի կարիերայիդ հարցում: - Կարելի է համատեղել մեկը մյուսի հետ: Ամուսնացածներին ցանկանում եմ երջանկություն և ոչ թե մեկ, երկու, այլ ավելի շատ երեխաներ, բայց ամենից կարևորը, որ կարողանան այդ երախաներին պահել: Կարծում եմ` ինձ էլ չի խանգարի: Ընտանիքն ունի իր տեղը, ֆուտբոլը` իր: - Ո՞վ է «Շախտյորում» քո ամենամոտ ընկերը: Լուսանկարներում միշտ Սռնայի կողքին ես: - Դա լուսանկարներում է այդպես: Իրականում բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ: - «Շախտյորը» տարբեր ազգությունների ֆուտբոլիստներով համալրված թիմ է: Հայ ֆուտբոլիստինովքե՞ր են ավելի հոգեհարազատ: - Ուկրաինացիները: - Կարելի է ասել, որ դու հայաստանցի միակ ֆուտբոլիստն ես, ով վերջին տարիներին մեծ հաջողությունների հասավ դրսում: Քեզնից առաջ էլ էին գնում «Մետալուրգ», հետո էլ հավանաբար շատեը կգնան այլ ակումբներ, բայց դեռ միայն քեզ է հաջողվել հասնել այդ հաջողություններին: Ի՞նչ ունես դու, որ մյուսները չունեն: - Շատերն են կարծում, որ ես մեծ հաջողությունների եմ հասել, բայց ես այդպես չեմ կարծում: Լուրջ հաջողությունները դեռ առջևում են: Ես փորձում եմ տարբեր ճանապարհներով հասնել դրանց: Ամեն մարդ պետք է սպասի իր հնարավորությանը և այն օգտագործի ճիշտ ժամանակին: Հայերը լավ ֆուտբոլիստներ են և եթե կարողանան օգտագործել իրենց հնարավորությունները` շատ բաների կհասնեն: - 2013 թվականի քո ամենամեծ երազանքը: - Շատ կցանկանամ, որ Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ տարի շատ հաղթանակներ տանի, իսկ «Շախտյորը» առնվազն հայտնվի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Մենք ունենք այդ պոտենցիալը և կարծում եմ` ամեն ինչ հնարավոր է: - Այս տարվա ամենատպավորված պահը: - Իտալիայի հավաքականին խփած գոլս: - Վերջերս ընթերցած ամենահետաքրքիր գիրքը: - Վերջերս սկսեցի կարդալ «Վանականը, ով վաճառեց իր Ֆերարին» գիրքը, բայց այս տարի չեմ հասցնի այն ավարտել: Մնաց եկող տարի: - Ո՞ւմ կտայիր «Ոսկե գնդակը»: - Այս տարի ամենաարժանին Ինյեստան է:
|